ԱԺ նախագահը և Կուբայի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 26, 24News

.

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոյին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի  հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Արարատ Միրզոյանը, նշելով, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի բավականին ակտիվ հարաբերություններ, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Կուբայի հետ փոխգործակցությունը ևս կհասնի բարձր մակարդակի:

Երկկողմ կապերի զարգացման գործում արժևորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝  օրենսդիր մարմնի ղեկավարը  նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձևավորվել է  Հայաստան-Կուբա բարեկամական խումբը:  Կարևորելով միջազգային հարթակներում փոխգործակցության ակտիվացումը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ  առկա է չօգտագործված զգալի ներուժ:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կուբայի իշխանություններին 1988 թ.  երկրաշարժի  դժվարին օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու համար:

Էմիլիո Պևիդա Պուպոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը նպաստելու երկու երկրների միջև կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Դեսպանը ևս կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես, գիտակրթական  և  զբոսաշրջության ոլորտներում:  Կողմերը փաստել  են, որ  չնայած երկու երկրների միջև հեռավորությանը՝ առկա են բոլոր նախադրյալները  երկկողմ հարաբերությունների հետագա  զարգացման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Կուբայի  Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին: