Գյուղապետից դժգոհ քաղաքացին փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

գերեզմանատուն

Այսօր՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արամվիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմանոցներից մեկում փորձում է ինքնասպան լինել, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են այդ քաղաքացու բջջային հեռախոսահամարը և ոստիկանապետերը սկսել են տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե որտեղ է գտնվում այդ քաղաքացին:

Մինչ Արմավիրի և Վաղարշապատի ոստիկանապետերը կպարզեին քաղաքացու գտնվելու վայրը, նշված բաժինների մեծ թվով ոստիկաններ սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել Արմավիրի և Վաղարաշապատի վարչական տարածքներում, դրան հարակից գյուղերում գտնվող գերեզմանատներում՝ փնտրելով այդ քաղաքացուն:

Ի վերջո, Վաղարշապատի ոստիկաններին հաջողվել է պարզել, որ այդ քաղաքացին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչ, 43-ամյա Ռաշիդ Ամոյանն է, ում արդեն Վաղարշապատի ոստիկանապետի հեռախոսային բանակցությունների արդյունքում կարողացել են հայտնաբերել և հրավիրել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Ամոյանը փորձել է թունաքիմիկատով դիմել ինքնասպանության, ինչը շնորհիվ Արմավիրի մարզի ոստիկաների՝ կանխվել է:

Ռ. Ամոյանը ոստիկաններին հայտնել է, որ ստիպված է դիմել այդ քայլին, քանի որ այս տարվա հունվարին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի համայնքապետ Գագիկ Սարգսյանը առանց իր և իր հարազատների համաձայնությունն ու թույլտվությունը ստանալու, վաճառել է իրենց ընտանեկան գերեզմանատան մի մասը, ինչից հետո անհայտ անձը հուղարկավորել է իր ազգականին:

Արդեն Վաղարշապատի ոստիկանությունում Ռ. Ամոյանը գյուղապետի դեմ բողոք է ներկայացրել, հայտարարելով, որ նա չարաշահել է պաշտոնական լիազորությունները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: