Զինծառայողների ու ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով՝ մենք եկել ենք այն համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է: Այսինքն՝ պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված էր Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեով: Սա վերջին առնվազն 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, որովհետև մենք առնվազն բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, երբ  բյուջեի եկամուտները կգերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով»,- ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ կարևոր է արձանագրել, թե ինչ է կառավարությունը պատրաստվում անել այդ հավելյալ եկամուտների հետ:

«Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի մեկից 10 տոկոսով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի մեկից նույն չափով բարձրացնել Հայաստանի Հանրապետության  հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Խոսքը մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է: Բացի դրանից՝ մենք պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կիլոմետր ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար, բայց նաև մենք հույս ունենք և գիտենք, որ այս գործընթացում կլինեն խնայողություններ: Մենք հույս ունենք, որ շատ ավելի երկար ժամանակի ցուցանիշ այս տարի կհաջողվի գերազանցել: Նշեմ, որ այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը, դա բոլորովին ուրիշ պատմություն է»,- ասել է վարչապետը։

Կառավարությունը մտադիր է ևս 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:

ՀՀ վարչապետը նաև ներկայացրել է՝ ինչի արդյունք է այս 40 միլիարդ դրամի հավելյալ հավաքագրումը պետական բյուջե:

«Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիները իսկապես լայնորեն արձագանքում են կառավարության այն կոչերին, որ իրենք նույնպես անելիք ունեն ստվերի դեմ պայքարում: Հիշում եք իմ այն կոչերը, որ որևէ տեղից որևէ բան գնելիս անպայման պետք է պահանջել ՀԴՄ, և ես ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականի մայիսից մինչև այսօր 65 միլիոն հատ ավել ՀԴՄ է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում: Սա ևս մեկ ապացույց է, որ մեր հանրությունն ու կառավարությունը գործնական երկխոսության մեջ են միմյանց հետ և այդ երկխոսությունը տալիս է կոնկրետ արդյունքներ»,- ասել է Փաշինյանը: