Օգնության ձեռք՝ Իրանի եղբայրական ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Մարտի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում են ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը ցավակցություն է հայտնել նախորդ շաբաթ Իրանը պատուհասած ջրհեղեղի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց օժանդակել տուժածներին:

Ֆելիքս Ցոլակյանը, հիշատակելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ցավակցական հեռագիրը, նշել է, որ ԱԻ նախարարությունը ցանկանում է գործնական մասնակցություն ունենալ արհավիրքի ենթարկված մարդկանց օգնությանը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, ԱԻ նախարարին ցավակցական հեռագրերի համար, երախտագիտություն հայտնել և նշել, որ աղետի ենթարկվածներին օգնելը մեր կողք-կողքի ապրող բարեկամ ժողովուրդների համար բարոյական պարտավորություն է:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ բանակցել՝ ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար: