Խոշոր վթար․ Газель-ը ձյան, մերկասառույցի պատճառով կողաշրջվելով հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Պատահար

Մարտի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 65 կմ հատվածում Երևան-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0409 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Газель-ում եղած 13 ուղևորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել այդ պահին նշված հատվածով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների ու օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկների կողմից։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բոլոր ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու քաղաքացիները։

Վթարի պատճառներից մեկը նաև ճանապարհի մերկասառույցն է, քանի որ տեղի ճանշինը ոչ մի անհրաժեշտ աշխատանքներ չի կատարել ճանապարհը ձնից մաքրեու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: