ԿԳՄՍ նախարարը ԵՄ ղեկավարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների կրթության իրավունքի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

dd

 

Ժաննա Անդրեասյանը Հայաստանում ԵՄ ղեկավարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների կրթության իրավունքի հարցը։

«Այս պահին մենք աշխատում ենք կարճաժամկետ աջակցության ուղղությամբ՝ լուծելով մարդկանց տեղափոխման, առաջնային բուժօգնության, կացարանների տրամադրման, սննդի հետ կապված հարցերը: Զուգահեռաբար, աշխատում ենք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ, որոնց իրականացման գործում ունենալու ենք նաև մեր գործընկերների աջակցության կարիքը: Ինչ վերաբերում է բուն կրթական գործընթացներին, ապա, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղում շուրջ 30 հազար երեխաներ էին բնակվում: Բռնի տեղահանված երեխաների համար, կեցության հարցերի լուծմանը զուգահեռ, կարևոր խնդիր է կրթության շարունակականության ապահովումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք նաև համամարդկային արժեք են ներկայացնում և դրանց պահպանությունը հնարավոր է միայն միջազգային գործընկերների ջանքերի գործադրմամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը, Եվրամիության կողմից տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր՝ ծրագրային նախաձեռնություններն արդյունավետ իրականացնելու նպատակով:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են հատկապես երիտասարդության ոլորտում համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ թվով հայ երիտասարդներ կներգրավվեն ԵՄ ծրագրերում, որոնք ուղղված են նաև Հայաստանի հեռավոր մարզերում երիտասարդների ակտիվության խթանմանը:

--00—ՍՊ