Փաշինյանը նման է «ղումարբազի», արյունով վճարեցինք նրա հակառուսական հիսթերիայի հետևանքների համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Արցախը, որպես սուբյեկտ, ոչնչացված է, առաջիկա  օրերին կփակվի Արցախի հայկականության էջը։ 90 տոկոսից  ավելի մարդ դուրս կգա այնտեղից, եթե նույնիսկ հայեր մնան, ամիսների կամ տարիների ընթացքում փոքրամասնություն են կազմելու։ Մենք մեր պատմության ամենաողբերգական հանգրվաններից մեկին հասանք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Իրականության հետ առերեսվելու մեր անկարողությունը բերեց հասցրեց այս աղետին։  Եթե 1988-ին լուծում լիներ, ավելի լավ հանգրվանի կգայինք, հետո էլի բազմաթիվ հնարավորություններ եղան, իսկ Փաշինյանի` իրար հաջորդող սխալները բերեցին կատաստրոֆայի։ Պրահայի հանդիպումից հետո Արցախի էլիտան ինքնախաբեությամբ էր զբաղված,  Փաշինյանը այնքան նեղացրել էր իրենց ընտրության հարցը, որ նրանց մնացել էր կամ ինտեգրում, որը կարող էր ավելի տանելի լիներ, քան հիմա է, կամ տեղահանում»։

Սուրենյանցի խոսքով,  իր տպավորությամբ  միջազգային հնարությունը մեզ հեգնում է․ ցեղասպանություն է լինում, ՌԴ-ն ասում է՝ խաղաղապահ առաքելությունը ամեն բան անում է, հիմա հայաթափվում է, միջազգային հանրությունը պատրաստվում է առաքելություն ուղարկել ԼՂ։
«Բաքվի հարձակումը  խրախուսված է եղել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Իսկ Փաշինյանը հանցավոր գործունեությամբ էր զբաղված, միակ բանը, որ անում էր՝ հակառուսական հիստերիան խրախուսելն էր, արկածախնդիր մի բան,  ինչի արյունոտ գինը ստացանք։ Կա՞ մի պետություն, որ իր պատմությունից դասեր չքաղի։ Փաշինյանը բաց հակադրության է գնում ՌԴ-ի հետ առանց որևէ կենտրոնից աջակցություն ստանալու, միայն լալահառաչ տեքստեր ենք լսում նրանցից։ Ինչի՞ վրա է հույսը դրել, արդյոք Արցախի կորուստը քի՞չ էր, Փաշինյանը նման է հետևողական «ղումարբազի», ով խաղադրույք է արել Հայաստանի վրա, իր ղումարբազության գինը երիտասարդ կյանքերն են վճարելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ