«Խորապես մտահոգված ենք». Լեմկինի ինստիտուտը` Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով։ 

Այս հայտարարությունը հրապարակվել է ինստիտուտի X սոցցանցի միկրոբլոգում։

«Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել։ Նա և Արցախի կառավարության ու ինքնապաշտպանության բանակի ներկա և նախկին անդամներ կոչվել են «անջատողականներ և ահաբեկիչներ»… Որակումներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի ձերբակալություններն ու սպանություններն արդարացնելու համար»,– ասված է հայտարարությունում։

Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունն արդարացված է` հատկապես հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանանում են 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները, նշել են Լեմկինի ինստիտուտում և հավելել․ «Դա լավ փաստագրված է»։

Կառույցը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր առաջնորդներին կոչ է անում, որպեսզի պահանջեն Ռուբեն Վարդանյանի անվտանգ տեղափոխումն Ադրբեջանից, իսկ Արցախի կառավարության մյուս անդամների, ինչպես նաև պաշտպանության բանակի զինծառայողներն անարգել դուրս գան Արցախից։

--00—ԼՀ