Սիրելի՛ արցախցիներ, մշտարթուն պահեք ձեր սերը հայրենական հավատների նկատմամբ, Եկեղեցին ձեզ հետ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

 

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը Արցախի համար համազգային աղոթքին իր խոսքով դիմել է արցախցիներին․

«Անսահման ցավով են համակված բոլորիս հոգիները, ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց, այսօր համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և ոբոլոր եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի՝ աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։

Մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել, այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է։

Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի որպես Աստծո սեփական ժողովուրդ։

Արցախ աշխարհը մերն է և մեր սրտում է։ Եւ Արցախի հայապատկան լինելու գիտակցությունը երբեք չի տկարանա սերունդների մեջ։ Միասնաբար աղոթենք Արցախի մեր ժողովրդի համար, սատար լինենք տարագիր մեր քույրերին ու եղբայրներին, իրենց կեցության ու կարիքների համար անհրաժեշտ հոգածություն ցուցաբերենք։ Սիրելի՛ արցախցի զավակներ, ձեզ հատուկ քաջարի ոգով ամուր ու տոկուն եղեք, հաստատուն մնացեք ձեր հավատի ու հույսի մեջ, շարունակեք ապրել ու արարել՝ չընկրկելով դժվարությունների առջև։ Մշտարթուն պահեք ձեր սերը Արցախի և հայրենական հավատների նկատմամբ։ Եկեղեցին ձեզ հետ է»։ 

 

--00—ՍՊ