Ալեն Սիմոնյանը Ֆինլանդիայի դեսպանին տեղեկացրել է Կութի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2023-10-02_16-11-41

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի եւ մեր ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ունեցած նկրտումներին, տեղեկացրել է, որ հանդիպումից րոպեներ առաջ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակե,- հիշեցրել է ՀՀ ԱԺ նախագահը:

Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Ֆինլանդիայի դեսպանն արձագանքել է, որ Հայաստանի ժողովրդավարությունը դժվար ճանապարհ է հաղթահարում եւ այս հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ ամիսներ շարունակ տեւած շրջափակումն ու բռնի տեղահանությունը նոնսենս են: Այս համատեքստում քննարկվել է Ադրբեջանի դեմ միջազգային ատյանների կողմից պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

--00—ՅՄ