Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ-ի հետ․ դեսպանի հետ հանդիպել է Վահե Ղազարյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինիին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։

Նախարարն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում անվտանգ, ազատ, արժանապատիվ ապրելու իրավունքից և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի տակ բռնագաղթել են Հայաստանի Հանրապետություն:

Վահե Ղազարյանը նշել է, որ ներքին գործերի նախարարությունը ևս անմիջականորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների ապահովման աշխատանքներում։ Նախարարը բարձր գնահատելով հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել է այն նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին:

Օլիվիե դը Կոտինին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ իր հերթին նշել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Նա հատուկ անդրադարձ է կատարել օրեր առաջ ԵՄ շրջանակներում Հայաստանում անցկացված «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքին և ընդգծել Ֆրանսիայի ակտիվ մասնակցության մասին։

Արտակարգ և լիազոր դեսպանը խոսել է նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

--00—ՅՄ