Ոչ մի կապ չունեմ Փաշինյանի «մահափորձի» հետ․ Ալբերտ Բազեյան․ Hraparak

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

դդ

«Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Բազեյանի պաշտպանի բողոքը, այսինքն՝ նա շարունակելու է մնալ կալանքի տակ»,- «Հրապարակ»-ին հայտնել է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին փոխնախագահ Բազեյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա մի քանի այլ անձանց հետ միասին, մահափորձ է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Բողոքի քննությունը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին, ով այն մերժել է։ Մխիթարյանը  ԲԴԽ անդամի իշխանական թեկնածուն էր` Կարեն Անդրեասյանի ցանկալի անձը, սակայն Դատավորների ընդհանուր ժողովը նրան չընտրեց։ Հարցին, թե այս ընթացքում Բազեյանի նկատմամբ քննչական- դատավարական ինչ գործողություններ են կատարվել, պաշտպանը պատասխանել է․

«Որևէ գործողություն չի կատարվել, միջնորդություն ենք ներկայացրել` բավարարվել է մեր միջնորդությունը, սպասում ենք գործողությունների։ Միջնորդել ենք, որ առերեսումներ կատարեն և մի շարք հանգամանքներ պարզեն։ Ըստ էության, իրենք են որոշում, թե երբ են գործողություն անելու, մենք սպասում ենք, որ գործողության օր նշանակեն։ Մենք միջնորդել ենք, որ գործում եղած վկաների հետ առերեսում կատարվի»։ 

Մելիքյանը նշել է, որ Բազեյանի դիրքորոշումը՝ իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ, անփոփոխ է մնացել․ «Բազեյանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, ինքը ոչ մի առնչություն չունի»,- ասել է պաշտպանը։

Նա հավելել է, որ գործի նյութերին ծանոթ է այնքանով, ինչքանով որ դրանք հասանելի են դարձել իրեն․ խափանման միջոցի հարցը քննելիս, եկել է մի եզրակացության․ «Պարոն Բազեյանի նկատմամբ որևէ ապացույց չկա, բացառությամբ ինչ-որ մեկի ցուցմունքի, որ` ինքը լսել է, որ Բազեյանն է, բայց ոչ տեսել է, ոչ խոսել է, ոչ էլ գիտի՝ դա ճի՞շտ է, թե՞ չէ»,- ասել է պաշտպանը։ 

--00—ՍՊ