Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

ֆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու թեման արդեն քանի տարի սկանդալների կիզակետում է: Նախ՝ համանման ծրագիր էին ներկայացրել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» և Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին պատկանող «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերությունները: Հայաստանի կառավարության ընտրությունը կանգնել էր «Ռիդ» ընկերության վրա, ինչն առաջացրել էր «Արագեյթ ինվեսթմենթսի», ինչպես նաև ֆրանսիական երկու ընկերությունների տարակուսանքը, որոնց հետ Սարկիսովի կազմակերպությունը ցանկանում էր ծրագիրն իրականացնել: Սակայն հիմա էլ պարզվում է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են «սառեցնել» ծրագիրը, որը պետք է կյանքի կոչեր «Ռիդ» ընկերությունը, և բանակցություններ սկսել եվրոպացի գործընկերների հետ:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, հիմնական պատճառն այն է, որ «Ռիդը» ռուսական կապիտալով ընկերություն է, և որպեսզի, այսպես ասած, «անցավ գլուխները ցավի տակ չդնեն», կառավարությունում որոշել են ձեռնպահ մնալ Ռուբեն Գրիգորյանի առաջարկից՝ նախընտրությունը տալով արևմտյան կազմակերպությանը: Ի դեպ, հավելենք, որ այս ծրագրի շրջանակներում կառավարությունն իր սեպտեմբերի 14-ի նիստում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ և Արագած բնակավայրերում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր կայացրել:

Բայց մենք տեղեկություններ ունենք, որ այդ բնակավայրերի բնակիչներից շատերը չեն պատրաստվում տալ իրենց տարածքները, և առաջիկայում սպասվում են դատական հայցեր: Նշենք, որ համանման «պատմություններ»՝ Ռուբեն Գրիգորյանի հետ կապված, էլի կան: Մասնավորաբար, Կոնդի ծրագրի «ոդիսականին» կանդրադառնանք առաջիկայում»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ