ՀՀ կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքները, որը 2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է: 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստի շրջանակներում Համատեղ ղեկավար կոմիտեն քննարկել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության առաջընթացը և առաջացած մարտահրավերները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների զանգվածային ներհոսքի հետևանքով: Կոմիտեն ընդգծեց փախստականների հումանիտար և զարգացման կարիքները համապարփակ լուծման և նրանց կայուն զարգացման ապահովման կարևորությունը: Կոմիտեն ընդգծեց նաև ՄԱԿ-ի ԿԶՀ-ի իրականացման ուղղությամբ հետագա միջոցառումների նախանշման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական, հումանիտար և անվտանգային իրավիճակը:

Բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Հայաստանը, հավատարիմ լինելով 2030 օրակարգի իրականացմանը, շարունակում է ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ: Այդ հանձնառության վառ ապացույցը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների՝ մարդակենտրոն, ներառական և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված հավակնոտ օրակարգն է: Կայուն զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին Միավորված ազգերի կազմակերպությունը եղել և մնում է մեր կարևորագույն գործընկերներից մեկը, ով մշտապես աջակից է եղել Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացի, լավ կառավարման համակարգի ներդրման և մի շարք այլ աշխատանքներում»:

Անդրանիկ նիստի ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն հայտարարել է. «Համատեղ ղեկավար կոմիտեի գործարկումը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև առկա գործընկերության համար: Բաց երկխոսության պայմաններում, ՀՀ կառավարությունն ու միավորված ազգերի կազմակերպությունն ունեն երկրների զարգացման ընդհանուր տեսլական: Հենց այս երկխոսության միջոցով մենք ջանքեր են գործադրում մարդկանց հզորացման, կարողությունների զարգացման և նպաստավոր միջավայրի ստեղծման ուղղությամբ»:

Ընդգծվել է, որ համագործակցության, ներառականության և հաշվետվողականության հանձնառությամբ՝ Ղեկավար կոմիտեի նիստերը կգումարվեն առնվազն տարին մեկ անգամ՝ ամրապնդելով Հայաստանի կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կայուն և զարգացող գործընկերության հիմքը: 

 --00—ՍՊ