Հայազգի ըմբիշը դարձավ Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

1

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը գոտեմարտեց վրացի Բեկա Լոմտաձեի հետ եւ տպավորիչ կամային հաղթանակ տարավ 17։11 հաշվով։

Առաջին մրցափուլում 0։8 հաշվով պարտվելիս հայ ըմբիշը կարողացավ ընդմիջման գնալ 8։9 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում զարգացնել հաջողությունը՝ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Կիսաեզրափակիչում Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը 10։4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին։ Գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը մրցակցի չթույլատրված հնարքի հետեւանքով ստացել էր արմունկի վնասվածք, սակայն կարողացավ 0։4 հաշվով պարտվելուց հետո կամային հաղթանակ տանել։

19-ամյա ըմբիշը որակավորման փուլում 14։8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բորուկովին, իսկ քառորդ եզրափակիչում 5։2 հաշվով պարտության էր մատնել թուրք Ռեջեպ Տոպալին։

Սա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի միակ մեդալն է այս առաջնությունում։