Սուդանի նախագահը հրաժարական տվեց, նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ «Reuters»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Սուդան

«Reuters» գործակալությունը գրում է, որ Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել, ներկայում կոնսուլտացիաներ են ընթանում անցումային խորհրդի ձևավորման շուրջ: 

Պաշտոնապես չհաստատված վարկածի համաձայն՝ մի խումբ զինվորականներ հեղաշրջում են արել՝ նախագահ Օմար ալ Բաշիրին հեռացնելով իշխանությունից:

Երկրի նախկին նախագահի գտվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առայժմ չկան: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա լքել է երկիրը, որոշ աղբյուրների համաձայն էլ  նրա ինքնաթիռն ապրիլի 10-ի երեկոյան կալանվել է Հարթումի օդանավակայանում, երբ ալ Բաշիրը փորձում էր մեկնել հարևան երկրներից մեկը:

Ըստ որոշ տվյալների՝ նա տնային կալանքի տակ է դրված զինվորականների կողմից, որոնք երկրում հեղաշրջում են արել:

Տեղեկացնենք նաև, որ ավելի վաղ ԶԼՄ-ներից հայտնել էր, որ Սուդանի Ռազմական խորհուրդը՝ նախարար Ավադ բեն Աուֆի ղեկավարությամբ, պատրաստվում է մեկ տարի ժամկետով իշխանություն վերցնել: