Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին բողոքը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների բողոքը դատարանը որոշեց մերժել։

Որոշումը հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ։

Պաշտպաններից ոչ ոք որոշման հրապարակմանը ներկա չի եղել։ Որոշումը հրապարակվել է դատախազի ներկայությամբ, որը որևէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից: Այս ամիս նախկին նախագահի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն ապրիլի 11-ին մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: