Երազանքս իրականացավ, այսքանով չենք սահմանափակվելու․ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ՀԱՕԿ

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է հայ ծանրորդների հաջող ելույթները Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում: Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջից։

«Այսօր մեր ծանրորդներն արեցին առավելագույնը, քան կարող էին, քանի որ Անդրանիկ Կարապետյանի ձախողումից հետո նրանք ավելի զայրացած մոտեցան ծանրաձողին: Մեր մարզիկները ցույց տվեցին իրենց բարձր կարգը: Լավ մարզումներին հաջորդեցին հաջող մրցելույթները՝ հատկապես Դավիթ Հովհաննիսյանի մոտ: Դավիթը գրանցեց նոր արդյունքներ, իսկ հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանի գրանցած 207 կգ-ն գերազանց էր: Մեր ծանրորդների մրցելույթները գնահատում եմ գերազանց»,- նշել է  մարզիչը:

89 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Հակոբ Մկրտչյանը իր տպավորություններն է բարձրաձայնել։ 

«Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու: Առջեւում կան շատ մրցումներ, իսկ ամենակարեւորն Օլիմպիական խաղերն են: Պետք է բարձրանամ 96 կգ քաշային կարգ եւ բոլորին հաղթեմ նաեւ այնտեղ: Օլիմպիական խաղերին եւս կփորձեմ մասնակցել 96 կգ քաշային կարգում:

Երկրորդ տեղ գրաված վրացի ծանրորդն ինձ հավասար էր, պայքարեցինք միասին, եւ ես կարողացա հաղթանակի հասնել: Հրում վարժությունում ցանկանում էի կատարել նաեւ երրորդ մոտեցումը եւ թարմացնել ռեկորդը, սակայն մարզիչներն ասացին, որ պետք չէ: Կփորձեմ ռեկորդ գրանցել աշխարհի առաջնությունում, որտեղ հանդես կգամ 96 կգ քաշային կարգում:

Այս հաղթանակը նվիրում եմ հայրիկիս, սիրելիներիս ու ամբողջ հայությանը»,- նշել է Եվրոպայի նորընծա չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել էր 371 կգ (164+207) արդյունք եւ սահմանել նաեւ Եվրոպայի ռեկորդ: Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):

Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի արդյունքն էր 360 կգ (165+195): Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս