Քաղաքական մունդռիկությունները մտնում են Հայաստանի և Արցախի միջև. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

«Հոկտեմբերի 27-ի գործը երբեք չեմ վերագրել ՌԴ հատուկ ծառայություններին և հատկապես Պուտինին․ այդպիսի անհեթեթ բան պետական կառույցի ներկայացուցիչը չի կարող ասել», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նշեց, որ որոշ լրատվական կայքեր խեղաթյուրել են իր խոսքերը, իսկ ադրբեջանական կայքերը՝ արտատպել։

«Իմ խորին կարծիքով այս սադրանքներն ուղղաված են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները փչացնելուն, հատկապես այն ժամանակ, երբ դրանք առողջացման փուլում են։ Ես հոկտեմբերի 27-ի հետ կապված մեղադրանք հնչեցրել եմ միայն Քոչարյանի ուղղությամբ, որովհետև հասկանալի չի եղել նրա ու Նաիրի Հունանյանի հանդիպման դրդապատճառները և մանրամասները»,-ասաց Քոչարյանը և քաղաքական ուժերին կոչ արեց պայքարի շրջանակում չանցնել անվտանգության սահմանը։ 

«Միշտ դեմ եմ եղել քաղաքական մունդռիկություններին, խարդավանքներին, որոնք ներթափանցել են արդեն Արցախի և Հայաստանի միջև։ Էստեղ պետք է լինի հստակ ազգային մոտեցումներ։ Ինչ վերաբերում է պետության անվտանգությանը, որևէ մեկն իրավունք չունի մտնի խարդավանքների դաշտ։ Մենք պետք է չեզոքացնենք դրանք խոսքի միջոցով, բացատրելով»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։