30 տարվա քանդածը 1 տարվա մեջ չի վերականգնվի․ քաղաքացիները՝ հեղափոխության մեկ տարվա մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Մեկ տարի առաջ՝ այս օրերին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսվեց քայլարշավ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Իսկ ինչպե՞ս են գնահատում քաղաքացիները հեղափոխության մեկ տարին, փոխվե՞լ է արդյոք նրանց կյանքը։ Թեմայի շրջանակում 24TV-ի թղթակիցը զրուցել է քաղաքացիների հետ։ Նրանց մեծ մասը դրական է գնահատել հեղափոխության մեկ տարին։

Ըստ քաղաքացիների՝ ակնհայտ փոփոխություններից մեկն այն է, որ անարխիան փողոցներից վերջացել է, նախկին իշխանությունից ազատվելուց հետո մարդիկ հանգիստ ու բարի են դարձել։

«Փաշինյանի պատմական մեծ դերն այն էր, որ նա փրկեց մեզ այդ վիճակից։ Ասում են՝ թոշակը չբարձրացրեց, բայց ինքն իր առաքելությունն արեց, փրկեց բոլորիս։ Հասկանում էինք՝ ինչ վիճակում ենք, բայց քայլ չէինք անում, Փաշինյանն արեց այդ քայլը», - ասել են քաղաքացիները ու հավելել, որ բոլոր հերյուրանքները նախանձից են։

Ոմանք էլ նշել են, որ թեև շոշափելի փոփոխություն չեն տեսնում, սակայն լիահույս են, որ դրանք կլինեն։

«30 տարվա քանդածը մեկ տարվա մեջ չի վերականգնվի»,- ասել են քաղաքացիները։

Հարցման շրջանակում եղել են նաև քաղաքացիներ, որոնց կարծիքով վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։