ՊՆ-ն հյուրընկալել է ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ունկնդիրներին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 13, 24News

.

Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում հյուրընկալվել են տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ունկնդիրները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջը ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի համար ռազմավարական մակարդակի կրթություն ապահովող ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից մեկն է: Քոլեջի ունկնդիրների այցը արտագնա ուսումնական գործընթացի մասն է:

Հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները: