Հենասյուների մարտահրավեր՝ եկեղեցի, բանակ և մշակույթ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Ռուբեն Վարդանյան

                                                                         Եթե չկա մշակույթ, ապա ինչո՞ւ ենք պատերազմում:
                                                                                                                                                            Չերչիլ

Օպերայի և Բալետի թատրոնի տնօրենի հետ կապված պաշտոնական որոշման աղմուկը ջրի երես բարձրացրեց արվեստի աշխարհի կարծիքները: Փոթորիկի փորձ արվեց: Ակնհայտ երևաց դաշտի համակարգվածության պակասը ու փնթիությունը: Մշակույթի ոլորտը շինարարության կարիք ունի: Անգլիացի նշանավոր պատմաբան Պոլ Ջոնսոնը Նապոլեոնի մասին իր գրքում հետևյալ միտքն է գրում. «Ոչ թե ուժը, այլ Գերմանիայի մշակույթը դարձավ Եվրոպային նվեր»: Եթե բացենք ասվածը, ապա ազնիվ հեգեմոնիայի Գերմանիան հասավ քաղաքական, ռազմական դոմինանտության նպատակը այդ փուլում շրջանցելով` կուլտուրայի բազմաճյուղ հանճարեղ զարգացման շնորհիվ: Իմպերիալիզմը լինում է եռավեկտոր. քաղաքական, տնտեսական, մշակութային: Վերջինը նպատակ ունի ինքնագիտակցականի վրա ազդելու ու ուղղորդելու և ազատ է սահմանափակումներից:

Հայաստանը պերմանենտ թմբկահարում է իր մշակութային հարստության մասին, որը հիմքում ունի ճշմարտության հատված, ինչպես նաև կեղծ մտքերի դոզա: Պետական մակարդակով պետք է մշակութային ժառանգությունը հավաքվի, տրվի մեկնություն փուլերին, ցույց տրվի իրար հաջորդողի պղնձյա թելերը և կապը քաղաքակրթության հետ, մեր դերը, եթե կա դրա մեջ, մշակվեն ժամանակակիցի ուղղությունները: Կայսրություններում, դիկտատուրայի ռեժիմներում և գերտերություններում մշակույթը զարգանում է արագ ու անդադար, քանի որ կա այդ գործիք-զենքի տոտալ նշանակության գիտակցումը և պահանջը կիրառման: Մարդկության գլուխգործոցներից շատերը ստեղծվել են ստրկատիրական սիստեմների օրոք. անտիկ Եգիպտոս, Հռոմ, Պարսկաստան և այլն:

Գերտերություն ԱՄՆ-ն կինոինդուստրիան աշխատեցնում է, որպես պրոպագանդայի մեքենա, վիրտուոզ, անգերազանցելի: «Hollywood»-ը եղանակ է փոխում մոլորակում արդեն մոտ հարյուր տարի ու անում դա ի օգուտ իր պետության և անգլոսաքսոնական, արևմտյան ազատ աշխարհի:

Հայկական մշակութային ոլորտը խորը փորհարության մեջ է արդեն տևական ժամանակ և առաջին հերթին պիտի կեղտից մաքրել` օրինակ Կոնստանտին Օրբելյանի պես թափոններից:
Պլակատային, միջոցառումային, մակերեսային տրամաբանությամբ շարժվելը նույնիսկ մեկ քայլ առաջ երկու քայլ հետը չի ապահովում: Ծրագրային ոչ մի դրույթ, ճանապարհային քարտեզ չկա:

Նապոլեոնի կայսրությունում Վիվան Դենոնը պաշտոնավարում էր, որպես «Նապոլեոնյան թանգարանի» (հետագայում այն ստացավ Լուվր անունը, որի առաջին տնօրենը եղավ Դենոնը) գլխավոր, բայց կազմակերպում ու ղեկավարում էր ֆրանսիական գերտերության արվեստի և էսթետիկայի ուղղությունները` խթանելով նրա քաղաքակրթական ձևի ու էության զարգացումը, քանզի տերությունը հիմնված միայն ռազմական հաջողության վրա սոսկ բարբարոսական մեծ միավոր է, մուսկուլատուրայով, բայց մերկ արձան առանց թզենու ծածկող տերևի: Դե Գոլլյան իշխանության գլխավոր գաղափարախոսը գրող, մշակույթի նախարար Անդրե Մալրոն էր, որը մեծ դեր ունեցավ շնչառություն հավաքող ֆրանսիական պետության շիտակ ու հետաքրքիր ընթացքի մեջ, կարգավորեց նրա իդեոլոգիան:

Հայաստանը զիջում է իր հարևաներին գրեթե բոլոր ոլորտներում այդ թվում և մշակութային, սակայն հարևաններին հավասարվելու նպատակ էլ չպիտի դնի` խորության մեջ բան չկա համեմատվելու:

Վարչապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Մենք պետք է բարձրացնենք մեր համաշխարհային դիմադրողականությունը»: Այս գաղափարի մեջ առանցքային դեր ունի մշակույթը` ինչպես միշտ պտտվող կենսատու մոլորակ: Մենք պետք է համակարգենք ոլորտը, սահմանենք ստանդարտներ, գնահատման չժանգոտող մեխանիզմներ ձևավորենք: Մշակութային արժեքները բերենք պետության կառավարման համակարգ` Խորենացուց մինչև Հրանտ Մաթևոսյան: Ստեղծենք ներդաշնակ միասնություն հայկական մակերեսում:

Ես համոզված եմ, որ պիտի դառնանք գերտերություն` քրիստոնեության, մշակույթի, գիտական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, գյուղատնտեսական կուլտուրայի, սպորտի բնագավառներում: Ինձ համար անկասկած է մեր եռասյուները. Հայ Առաքելական եկեղեցի, բանակ, մշակույթ:

Առաջինը` ճշմարիտ կատարելագործման, հաստատուն փրկության, անվախ ու աննահանջ ոգու, բարոյական կենսակերպի ու անկասելի հաղթանակի համար: Երկրորդը. բանակը մեր ինքնիշխան անկախության ու անվտանգության գլխավոր երաշխավորն է` մեր ուղեղում պահում ենք, որպես միակը: Երրորդը դա հայերիս դեմքն ու ներաշխարհն է, արտահանման գլխավոր նյութը: Հասնելու համար, ինչպես սուրբ Բենեդիկտոս Նորչացին էր ասել, Ora et labora (աղոթք ու աշխատասիրություն), կարիք ունենք կենտրոնացնելու ուժերի մաքսիմումը, էներգիան կուտակել ճիշտ տեղում, անդադար միտք արտադրել: Մենք պիտի ապացուցենք մեր լինելիության պիտանելիությունը մարդկությանն ու մոլորակին: Չկմկմանք ու չխեղճանանք` մեջքներս շտկենք, կյանքի հյութեր հավաքենք և մեր ասելիքը ասենք` շիտակ, ճիշտ, ճշմարիտ: Հակառակում կվերածվենք, Վանոյի ասած, սովորական սիքտիրչի ազգերից մեկի:

Ռուբեն Վարդանյան 
Պատմաբան

 

Տեսանյութեր

Live

Լրահոս