Քեմալական կուսակցության ղեկավարն արձագանքել է ապրիլի 24-ի մասին Մակրոնի հրամանագրին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 13, 24News

.

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագրին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Twitter-ում արած գրառման մեջ նա մասնավորապես ասել է.

«Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելն անընդունելի է։ Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրները  հնարավոր է լուծել ոչ թե երրորդ երկրների չափն անցնող միջամտությամբ, այլև երկու երկրների միջև երկխոսությամբ»։

Թեմայի շուրջ խոսել է նաև  Թուրքիայի  խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ դատապարտելով այդ հրամանագիրը։ Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը: Նա ֆրանսիացի գործընկերներին խորհուրդ է տվել անդրադառնալ սեփական պատմությանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։