ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի հարավում խուզարկել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը, որտեղ հայտնաբերել է տարբեր զինատեսակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում։
«ԻՊԲ-ի զինվորները ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոն են մտել (Խան Յունիս) քաղաքի շրջանում և առգրավել AK-47 ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ, նռնականետներ և ջրասուզման հանդերձանք, որոնք պատկանում էին ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանումներին», - ասվում է բանակի հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ երկրի հարավային Խան Յունիս քաղաքում Իսրայելի զինվորականները նաև հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ի երկու զինյալների, որոնք զենք էին բեռնում փոխադրամիջոցի մեջ, որից հետո ռազմաօդային ուժերի կործանիչը հարված է հասցրել նրանց ուղղությամբ:
Բացի այդ, ԻՊԲ-ի զինվորականները ցամաքից և օդից հարվածել են երկու զինապահեստի, ինչպես նաև քաղաքի տարածքում գտնվող ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքի օբյեկտների:
Իսրայելի բանակը հավելում է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալներից մեկի տան խուզարկության ժամանակ զենք ու զինամթերք է հայտնաբերվել մանկական սենյակում:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը։
--00—ԼՀ