Պատգամավորներից մեկի նամակը կարդալով՝ «շշմել, մնացել եմ»․ Ծատուրյանը՝ կտավ նվիրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամի մշակութային արժեքների անհետացման գործով։ Գրառումը՝ ստորև․

«Երեկ մի նամակ ստացա մեր պատգամավորներից մեկից, որն, ի դեպ, ինձ լավ ճանաչում է, իսկ ես՝ իրեն, ինչեւէ, վերադառնամ նամակի բովանդակությանը, որում, մասնավորապես, հարցում կար, թե բա «մեր տեղեկություններով» նախկին իշխանությունները Հայաստանի ազգային պատկերասրահի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։ Սա կարդալուն պես, ժողովրդական լեզվով ասած, «շշմել, մնացել եմ», լավ, ինչքա՞ն պետք է մեր թանգարանային համակարգից անտեղյակ մարդիկ վարկաբեկեն այս կառույցը, ինչպես կասեր դասականը՝ «Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։

Հ.Գ. ՀԱՊ-ից կտավներ դուրս ու ներս տանելու համար երեք կազմակերպություն և, մոտավորապես, 20-30 մարդ զննություն է կատարում, ձեր կարծիքով այս մարդիկ, որ երկար տարիներ ծառայում են արվեստին, բոլորը դավաճաննե՞ր են, որ ամեն առիթով ծախում կամ կեղծում են նկարները)))։ ժողովո՛ւրդ, հոլիվուդյան բլոկբաստերներ շատ մի՛ նայեք»:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամի մշակութային արժեքներ են անհետացել, հարուցվել է քրգործ: