#SutNikol նախաձեռնությունը վերսկսել է գործողությունները ոչ միայն Երևանում. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

#SutNikol նախաձեռնության համակարգող խումբը հայտարարություն է տարածել առավոտյան տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․

«Ապրիլի 1-ին տեղի ունեցած #sutNikol ֆլեշմոբը ցույց տվեց, որ Հայաստանում ստի ու կեղծիքի միջոցով իշխանությունը զավթած քաղաքական ուժի նկատմամբ հանրային վերաբերմունքը համընկնում է #sutNikol նախաձեռնության ունեցած պատկերացումներին: Պայմանավորված ապրիլյան քառօրյա պատերազմի օրերով՝ մենք դադարեցրինք հասարակության շրջանում և ֆեյսբուքյան տիրույթում բավական բուռն արձագանք ստացած ակցիան: 

Այսօր վաղ առավոտից #sutNikol նախաձեռնությունը վերսկսել է իր գործողությունները ոչ միայն Երևանում, այլ նաև՝ Սիսիանում, Վանաձորում, Մարալիկում, Գյումրիում, Էջմիածնում, Ախուրյանում և Ամասիայում: Ակցիային մասնակցել է 32 անձ, որոնցից 12-ի, այդ թվում՝ նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառվել է վարչական ձերբակալում:

Նախաձեռնությունը ունենալու է իր շարունակությունը ավելի բազմավեկտոր, մեծածավալ, կարևոր և հետաքրքիր փուլերով, որոնց մասին կհայտարարվի ասուլիսի ընթացքում: 

Հարգանքով՝ «#sutNikol» նախաձեռնության համակարգող խումբ»։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ժամը 15:00-ին Բաղրամյան 1/27 հասցեում տեղի է ունենալու #sutNikol նախաձեռնության համակարգող խմբի մամլո ասուլիսը: