ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին, որը ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 27-ին։
Համաձայնագրի շրջանակներում կառուցվելիք Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը:
Ծրագրի շրջանակնեում նախատեսված աշխատանքները ներառում են Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ, ինչպես նաև Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց:
Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է, իջատեղերով և երկրորդային ճանապարհով՝ 6,6 կմ: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3x3), որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ:
Ակնկալվում է, որ ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։
Ըստ Համաձայանգրի Վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028թ. մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Վարկառուի և ԱԶԲ-ի միջև:
--00—ՅՄ