ԳԴՀ-ում անցկացվել է «Մերժման և ճանաչման միջև» համաժողովը՝ հայոց ցեղասպանության թեմայով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Գերմանական «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամը կազմակերպել է մեկօրյա համաժողով՝ «Մերժման և ճանաչման միջև. Հայոց ցեղասպանությունը պատմաքաղաքական բանավեճերի և հիշողության մշակույթի դիսկուրսում Գերմանիայում. անցյալը և ներկան» խորագրով:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Ֆլորիան Վայսը, ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Իր խոսքում անդրադառնալով Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը` դեսպանը, մասնավորապես, նշել է. «Հիշողությամբ մենք չենք ցանկանում մեղադրյալի աթոռին գամել ցեղասպանություն իրականացրածների սերունդներին` որպես այդ հանցագործության մեղսակից։ Սակայն մերժողական կեցվածքը և չդատապարտումը ենթադրում են, որ սերունդները շարունակում են կրել իրենց անցյալի հետ չառերեսվելու քաղաքականության ծանր բեռը»։

Միջոցառման պատվավոր հյուրերից է եղել ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով իր ելույթում ընդգծել է, որ Ցեղասպանության հերքումը ոչ միայն քաջալերում է այլ ցեղասպանությունների իրագործումը, այլև չի նպաստում նման ոճրագործությունների կանխարգելմանը՝ առիթ հանդիսանալով ատելության խոսքի սփռման համար։

Միջոցառմանը ներկա են եղել ԳԴՀ գիտական, բուհական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։