Հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել. ՍԴ թեկնածուն հանդիպել է ԼՀԿ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

Գոռ Հ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հանդիպումները խորհրդարանում շարունակվում են. նա այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա տեղեկացրեց, որ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քննարկել են իրավական բնույթի հարցեր։

«Կարծում եմ՝ տպավորությունը լավ էր, շատ ջերմ մթնոլորտում հետաքրքիր զրույց էր, հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել», - ասաց նա:

Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում կողմ քվեարեկել նրա թեկնածությանը, Հովհաննիսյանն արձագանքեց, որ ինքը նման բան չի լսել։

«Ես նման բան չեմ լսել։ Պատճառ չեմ տեսնում ինձ չընտրելու», - հավելեց թեկնածուն։

Նաև հավելեց, որ եթե իր թեկնածությանը խորհրդարանը դեմ քվեարկի,  ապա դա կընդունի որպես իր օգնության մերժում, քանի որ աշխարհում իրավունքն արագ տեմպերով զարգանում է, իսկ հայկական իրավունքի, մասնավորապես, Սահմանդրական իրավունքի ոլորտում զարգացման միտումները դանդաղ են։

«Կարծում եմ՝ ես կարող եմ օգնել շատ ավելի արագ տեմպերով զարգացնելու հայկական իրավունքը, և ես իմ օգնությունն եմ առաջարկում այդ տեսանկյունից մեր պետությանը», - հավելեց նա։

Նկատենք, որ թեկնածուն մինչ այդ հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։