Կհանդիպենք Հայոց ցեղասպանության հիշատակի օրը․ ֆրանսիացի պատվիրակը՝ Չավուշօղլուին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև: Չավուշօղլուի հայտարարություններից հետո, ի նշան բողոքի` դահլիճը լքած Ֆրանսիայի ներկայացուցիչը ուղիղ եթերում մեկնաբանել  է իր քայլը: Քրիմին նշել է, որ դահլիճը լքել է ֆրանսիացի մյուս պատվիրակների հետ և հավելել, որ ինքը չի  փախել և ոչ էլ կոնֆերանսից իրեն դուրս է հանել արտգործնախարարը: «Ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ փախչում: Եթե նախարարը ցանկանա դեմ առ դեմ հանդիպել և քնարկել, ես այստեղ եմ»,- ասել է Քրիմին:

Ծագումով թունիսցի խորհրդարանական Քրիմիի խոսքով` Չավուշօղլուի խոսքերն իրեն հիշեցրել են ծայրահեղ աջակողմյանների փաստարկները, որոնք իր կարծիքով խելահեղ են: «Այդ փաստարկները բերում է իսլամամետ թուրք պահպանողականների կուսակցությունը, ինչը չափազանց հետաքրքիր է»,- հայտնել է նա: Նրա փոխանցմամբ` նախապես ֆրանսիացի պատվիրակներին ասել են, թե ինչ պետք է ասել և ինչպես պետք է մտածել: «Ես ցանկանում եմ տեսնել նաև պատմության մյուս տարբերակները: Մեզ շարունակ ասել են. «Ովքեր ձեզ ասել են, որ Հայոց ցեղասպանություն է եղել, ապա նրանք լավ պատմաբաններ չեն:

Մենք լավ պատմաբաններ ունենք: Պիտի լսենք պատմությանը: Ուրիշներին չպետք է հավատաք»»,- նշել է խորհրդարանականը: Ուղիղ եթերով Քրմին ասել է. «Պատմությունը չեք կարող գրել այնպես, ինչպես որ դուք եք ցանկանում: Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը»: Նշենք, որ այս իրադարձության հետ կապված խորհրդարանականը բազմաթիվ սպառնալից նամակներ է ստացել: Հիշեցնենք, որ Չավուշօղլուն  Ֆրանսիային  մեղադրել էր այլ երկրներին նսեմացնելու, իշխելու և քննադատելու համար։ Չավուշօղլուն, անդրադառնալով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը հիշատակի օր սահմանելու որոշմանը, նշել էր, որ դա հակասում է Եվրադատարանի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումներին:

Թուրքիայի արտգործնախարարը նաև պնդել էր, որ «ցեղասպանության և առհասարակ պատմության հարցում Ֆրանսիան վերջին երկիրն է, որ կարող է դասեր տալ Թուրքիային, քանի Ռուանդայում և Ալժիրում կատարվածները բոլորը շատ լավ հիշում են»: 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս