ԲՀԿ-ականի առաջարկը՝ թողնել 3 նախարարություն՝ ծախսերի, ձեռքբերումների և դուխով առաջ գնալու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հետևյալ հարցը ուղղեց․

«Այս՝ առայժմ կասկածելի բարեփոխումների արդյունքում քանի՞ հաստիք է կրճատվելու, և ի՞նչ արժե այդ հաճույքը»։

Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ մի քանի տասնյակ քաղաքական հայեցողական պաշտոններ կկրճատվեն՝ նախարարների, տեղակալների, խորհրդականների, քարտուղարների, բայց հստակ թիվը չի կարող ներկայացնել։

«Այսինքն՝ կրկնվող ստորաբաժանումների պարագայում այդ կրճատումների թիվը մի քանի հարյուր կլինի, աջակցող ստորաբաժանումները, որոնք կկրկնվեն, կկրճատվեն, և անձինք կընդգրկվեն ռեզերվում, ու կառաջարկվեն այլ պաշտոններ, ինչպես օրենքում է նախատեսված»,- պատասխանեց նախարարը։

Գևորգ Պետրոսյանը նախարարությունների կրճատման հարցին ավելի արմատական լուծում առաջարկեց․«Այդ դեպքում եկեք երեք նախարարություն թողնենք, մեկը ծախսերի, մյուսը ձեռքբերումների, մյուսն էլ դուխով առաջ գնալու»։

Ինչ վերաբերում է  սպասվող կրճատումներին, արդարադատության նախարարի կարծիքով՝ երկիրն ինքնիշխան, սոցիալական պետություն է, և կառավարությունը սոցիալական խնդիրներ լուծելու համար չի։