Ինչու՞ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն չդարձան․ Մարուքյանի հարցը՝ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե վարչապետը ուժային երկու կառույցները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու իր խոստումն ինչու չի կատարել։

«Վարչապետի թեկնածու Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում՝ որպես իշխող ուժի վարչության անդամ, ի՞նչ է փոխվել խոստումից հետո, գուցե որևէ ճնշման ներքո՞ է, որ այդ խոստումը չի կատարվել»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն ասաց, որ այդ իրավունքը կառավարությանն է տված, և կառավարությունն ինքն է որոշում՝ ինչ կառուցվածք ունենա։

«Ինչու ուժայինները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն չդարձան՝ համոզված եմ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ եկել է համոզման, որ իր ծրագրի իրացման համար այս կառուցվածքն է պետք: Հաջորդ փուլում արդյո՞ք անհրաժեշտ կլինի, որպեսզի նախարարություններ դառնան՝ չեմ կարող ասել. գուցե կառավարությունը նորից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա»,-ասաց նա։

Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ չի վիճարկում որոշումը։ «Հարցս վերաբերում է նրան, որ վարչապետի թեկնածուն խոստացել է ԱԺ ամբիոնից, որ ուժային կառույցները նախարարություններ են դառնալու։ Ինչո՞ւ չի կատարվել, բա՞ն է փոխվել, որ խոստումը վերանայվել է և  հետևանք չի ունենա»,-հարցրեց Մարուքյանը։

«Դուք հնարավորություն ունեք վարչապետին հարց ուղղել և պատասխանը լիարժեք կբավարարի, անբավարարության զգացողություն չեք ունենա»,-արձագանքեց Հովհակիմյանը։