Արմեն Սարգսյանը հանդիպել է «ԻԿՐԱՆԵՏ» միջազգային կազմակերպության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «ԻԿՐԱՆԵՏ» միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության հետ:

Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը` ԻԿՐԱՆԵՏ-ը, միջազգային կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացում ռելատիվիստական աստղաֆիզիկայի, կոսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում: Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Արիզոնայի և Ստենֆորդի համալսարաններն ու Իտալիայի Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը:

Կարևորելով Հայաստանում «ԻԿՐԱՆԵՏ» կենտրոնի գործունեությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում մեծ նշանակություն է տրվում կրթության ու գիտության զարգացմանը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է համագործակցություն հաստատի աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոնների, կազմակերպությունների ու համալսարանների հետ:

Հանրապետության նախագահի խոսքով՝ պատահական չէ, որ իր օտարերկրյա այցերի շրջանակում մշտապես հանդիպումներ են տեղի ունենում առաջատար բուհերի, վերլուծական ու գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների հետ, ինչի արդյունքում հիմք է դրվում աշխարհի առաջատար կենտրոնների ու Հայաստանի միջև նոր համագործակցության:

Ռեմո Ռուֆֆինին բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը: Նա նշել է, որ ցանկություն ունեն Հայաստանի միջոցով համագործակցության նոր ծրագրեր իրականացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցությունն ապագայում խորացնելու հնարավորությունները: 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս