Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, ապրիլի 15-ին հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ:

Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանի աշխատանքների, օրակարգի և միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատգամավորները խոսել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական գործունեության մասին, անդրադարձել ծրագրերին ու առաջնահերթ ուղղություններին:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և օժանդակել նրա գործունեությանը: