ԲՀԿ պատգամավորի առաջարկն ԱԺ նիստի օրակարգում չընդգրկվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ԱԺ

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգում չընդգրկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում էին տուգանք սահմանել այն պետական, տեղական ինքնակառավարման մարմինների համար, որոնք կխոչընդոտեն պատգամավորների օրինական գործունեությունը:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ, ըստ նախագծի, նախատեսվում է պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար սահմանել պատասխանատվություն` տուգանքի ձևով:

«Վարչական դատավարության օրենսգրքի համաձայն` պատգամավորն իրավունք ունենա դիմել վարչական դատարան` վարչական դատավարության կարգով տուգանքը բռնագանձելու: ՀՀ-ում գործում է պատգամավորների գործունեության երաշխիքների վերաբերող օրենք, որի համաձայն պատգամավորն իրավունք ունի գրավոր հարցումներով դիմել պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց` ստանալ պատասխաններ, սեղմ ժամկետում պահանջել և ստանալ ընդունելություն և այլն: Եվ եղել են դեպքեր, երբ պատգամավորները դիմում են և  անպատասխան են մնում»,-ասել է Պետրոսյանը:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագիծը փոխկապակցված էր մեկ այլ` Պատգամավորի կարգավիճակի և գործունեության երաշխիքների մասին օրենքին: 

«Խնդիր ունենք այս պահին նախատեսել նոր զանցակազմ, որի միջոցով կարողանանք պատասխանատվության կանչել այն սուբյեկտներին, որոնք հրաժարվում են համագործակցել պատգամավորի հետ կամ խոչընդոտում են նրանց գործունեությունը: Այս տեսանկյունից լարցուցիչ ուսումնասիրության կարիք ունենք»,-ասել է նա ու հավելել` այս պահին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: