Վիճաբանություն՝ Աժ-ում․ ընդդիմադիր խմբակցությունների նախագծերը չեն ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ԱԺ

Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկը տրվեց լարված մթնոլորտում։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունները մերժվեցին, չմտան լիագումար նիստի օրակարգ։ 

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իշխանության գործողություններն առարկելու համար «մի ճտտոցով» հրահանգ է տրվում սոցիալական ցանցերում հարձակում գործել ընդդիմության ներկայացուցիչների վրա։

«Ասում են, թե հեղափոխության դեմ պայքար է սկսվել, հեղափոխությունը միայն ձերը չի, մի՛ սեփականաշնորհեք հեղափոխությունը, մի՛ փորձեք մեր հանրությանը դրաձնել ամբոխ, սոցիալական ցանցերում զոմբիական հրաման տալ՝ զոմբիի նման հարձակվեք։ Ի՞նչ ենք ասում, ադեկվատ, նորմալ նախագիծ է։ Ասում ենք՝ քննարկենք, սա այն հարթակն է, որտեղ պետք է քննարկել, բանավիճել, միգուցե դուք մեզ համոզեք, որ մենք սխալ ենք, բայց էսպես իմպերատիվ կերպով դակել, ասել՝ ոչ, ու գնալ առաջ, ինձ մոտ արթնացնում է շատ վատ հիշողություններ»։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը կարող է քվեարկությամբ ընդգրկել նախագծերը լիագումար նիստի օրակարգ, քննարկել, հետո միայն որոշում կայացնել։

«Քննարկենք, ապացուցեք, որ լավը չի, պոպուլիզմ է։ Վերջին հաշվով, մամուլում էլ է գրվել, պառլամենտը պարապության է մատնվել, կառավարությունը չի գեներացնում նախագծեր, պատգամավորների նախագծերն էլ մերժվում են, չեն թողնում, որ քննարկվեն։ Ինչո՞վ ենք մենք զբաղված», - ասել է Մարուքյանն՝ ընդգծելով, որ քննարկումները կարող են նոր խնդիրների լուծումներ բերել։

Մխիթար Հայրապետյանը ԱԺ ամբիոնից, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որի պատգամավորները տեղից արձագանքում էին «Իմ քայլի» պատգամավորների դիտողություններին, ասաց, որ խնդրում է փոխել ոճը, այլապես իրենք կփոխեն իրենց ոճը:

«Իսկ դուխի հետ կապված առնվազն էս հատվածը պրակտիկորեն ցույց է տվել իր դուխը»,- ասաց պատգամավորն ու հորդորեց «չխաբվել» իրենց տարիքին:

Խոսքն ուղղելով ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ պատգամավորն ասաց. «Ուրեմն լռեք, այ քեզ… մյուս անգամ չեմ թողնի տեղից, ընդհանրապես ձեն հանեք ստեղից, լռե՛ք, ասեցի, այ քեզ բան: Դու չի, Դուք ա ձեզ համար»:

Պատգամավորի ելույթին տեղից արձագանքեց նաև Էդմոն Մարուքյան՝ ասելով․ «Դու ո՞վ ես»: Հայրապետյանն էլ հայտարարեց, որ եթե վերջում 10 րոպե ժամանակ ունենա, կանդրադառնա Մարուքյանին․ «Մի՛ չարաշահեք ու մի՛ հակաճառեք տեղից»,-եզրափակեց պատգամավորը: