Ատելությունը դուրս է եկել ոստիկանության և ժողովրդի հարաբերություններից․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

«Ուղիղ 1 տարի առաջ մենք միասին էինք, սակայն՝ փշալարերի տարբեր կողմերում», - ոստիկանության 101-ամյակի հանդիսավոր նիստի ելույթն այսպես է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ՀՀ ոստիկանության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առիթով:

«Այդ օրը նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության և ՀՀ քաղաքացիների հարաբերությունների միջև: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացը, երբ տեղի ունեցավ հակասության արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանային համարում այդ օրը և կարծում եմ, որ դա սկիզբն է մի նոր բովանդակության ՀՀ ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների միջև այն առումով, որ ՀՀ Ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն: 

Ոստիկանությունը իրավապահ, ուժային մարմին է և աշխարհի յուրաքանչյուր երկրում երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարևոր է ընդգծել, որ Ոստիկանության գործողությունները չպետք է արտահայտեն ատելություն: Մեր վերջին ամիսների ձեռքբերումը դա կարելի է համարել, որ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել քաղաքացիների և Ոստիկանության հարաբերությունից», - ասել է  Փաշինյանը, ապա հավելել, որ ոստիկանությունը մեր պետականության հիմնասյուներից է։

«Հույս ունեմ, որ այս հանգրվանում՝ նոր Հայաստանում, ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, որևէ անձի ծառայելը», -ասել է Փաշինյանը և շնորհակալություն հայտնել նրանց աշխատանքի համար: