Պնդում ենք, որ առաջնագծում չպետք է ծառայեն 18 տարեկան զինվորները․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 16, 24News

նաիրա զոհրաբյան

«Զինծառայողական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ էր այսօր ներկայացրել նաև ԲՀԿ խմբակցությունը, որը նույնպես Կառավարության կողմից բացասական եզրակացություն էր ստացել:

Ազգային ժողովը դեմ քվեարկեց նաև այս հարցի ընդգրկմանը լիագումար նիստում:

ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյան Ազգային ժողովում նշեց, որ  այս նախաձեռնությունն այն մասին է, որ 18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար:

Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց վիճակագրություն, թե վերջին երկու տարում քանի զինծառայող է զոհվել: «Քանի որ զինծառայությունը տևում է երկու տարի, ես կներկայացնեմ վերջին երկու տարիների հետ կապված անցանկալի դեպքերը: 2017 թվականի ընթացք՝ հրադադարի ռեժիմի ընթացքում 23 մահացու դեպք է արձանագվել, սպանության՝ 6, դժբախտ պատահար՝ 11, անվտանգության կանոնների խախտում՝ 2, ինքնասպանություն՝ 9, առողջական խնդիրների հետ կապված՝ 6, անգործության հետ կապված՝ 2 և անհայտ՝ 3 դեպք: 2018-ին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքում՝ 7, սպանություն՝ 2, դժբախտ պատահար՝ 19, անվտանգության կանոնների խախտում՝ 3, ինքնասպանության՝ 9, առողջական խնդիրների հետ կապված՝ 2 և անհայտ՝ 3 դեպք»,- ասաց նա և հավելեց, որ իրենց առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը կրում է բացառապես կանխարգելող միտում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ իր ըմբռնումը հարցի վերաբերյալ այն է, որ փաստորեն ստացվում է, որ հիմքում դրվում է վիճակագրություն, որն իրականում առաջարկվող հարցի լուծման հետ կապ չունի: «Այստեղ է դիսոնանսը: Միաժամանակ, բարձրացվում են հարցեր, որոնք ավելի համակարգային լուծման խնդիր են, և անհրաժեշտություն ունեն, օրինակ՝ առաջնագծում պրոֆեսիոնալների թիվն ավելի բարձրացնելու: Այնպես, որ ես հիմնվելու եմ հանձնաժողովի կարծիքի վրա»,- ասաց նա:

Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և խոսեց ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված նախագծերի բացասական եզրակացություն ստանալու մասին, ինչպես նաև պատասխանեց Արարատ Միրզոյանին:

«Ո՛չ, պարոն Միրզոյան, Դուք սխալ հասկացաք: Վահե Էնֆիաջյանի բերած վիճակագրությունը բացարձակ կապ չուներ մեր բերած նախագծի բովանդակության հետ: Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպետք է ծառայեն 18 տարեկան զինվորները, առաջնագծում պետք է ծառայեն բացառապես պայմանագրային զինծառայողները: Հարցը քննարկել ենք նաև զինվորների հետ, հանգամանալի քննարկել ենք ռազմական ոլորտի մասնագետների հետ: Հիմա կասեք՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձ: Այո, կա աշխատավարձի խնդիր: Ի դեպ, վարչապետը մի տարբերակ հուշեց՝ 10 տոկոս պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնելու, որպեսզի նրանց թիվը լինի այնքան, որ կարողանանք առաջնագիծը ծածկել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է «Վարչական իրավախախտումների մասին օրենքի իրենց նախագծին, նա նշեց, որ անթույլատրելի է, երբ պատգամավորը գնում է տեսնելու որևէ դատապարտյալի, և ոմն դատավոր ասում է՝ արգելք է դրված, չեք կարող: «Հիմա այստեղ կա՞ կոնլֆիկտ Սահմանադրության հետ, թե՞ չկա: Ես կարծում եմ, որ դուք գոնե նոր Հայաստանի նոր շունչը պետք է բերեիք, պիտի հավատարիմ լինեիք Սահմանադրությանը և ընդհանրապես, ես խորհուրդ եմ տալիս, էլի բարեկամաբար, որ թողնեք այդ հին մեթոդները, որ երբ ինչ-որ առարկություն բերում ենք, էսպես ճտտոցով հրահանգ եք բերում և սոցիալական ցանցերում սկսում են՝ «վայ, հեղափոխության դեմ պայքար է սկսել»: Մենք չենք պայքարում հեղափոխության դեմ, հեղափոխությունը միայն ձերը չէ, և մի սեփականաշնորհեք հեղափոխությունը, և մի փորձեք մեր հանրությանը դարձնել ամբոխ: Պետք չէ հրահանգներ տալ, որ սոցիալական ցանցերում զմոբիի նման հարձակվեն»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իրենց բերած նախագիծն ադեկվատ, նորմալ նախագիծ է: «Ասում ենք՝ սա էն հարթակն է, որ պետք է քննարկենք, եկեք քննարկենք, համոզվենք: Միգուցե դուք մեզ համոզեք, որ մենք սխալ ենք, միգուցե մենք ձեզ համոզենք, բայց էսպես իմպերատիվ կերպով ասել՝ ոչ ու դակել, գնալ առաջ, սա ինձ մոտ արթնացնում է  դեժավյուի շատ վատ հիշողություններ՝ ընդամենը վերջերս ձեր և մեր կողմից այդքան դատապարտված անցյալից»,- եզրափակեց նա