Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 16, 24News

127-567x375

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ  Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բոլոր ծառայողներիդ՝ ջերմորեն շնորհավորելով Ոստիկանության օրվա առթիվ։
Մասնագիտական տոները պատեհ առիթ են հետադարձ հայացք ձգելու գործունեության նախորդ ժամանակաշրջանին, նորոգելու մեր հանձնառությունն ապագա ձեռնարկների բարի ընթացքի համար և տեսնելու ու ծրագրելու առաջընթացի հեռանկարները։

Մեր երկիրն այսօր թևակոխել է բարեփոխումների նոր շրջան, որոնք պիտի պայմանավորեն հետագա զարգացման ուղին՝ ի նպաստ մեր ժողովրդի արժանապատիվ կյանքի, բարօրության և ապահովության։
Ձեռնարկվող փոփոխությունները բարի պտուղներով կարդյունավորվեն մեր հասարակության օրինապահության նախանձախնդրությամբ, մեր հայրենիքի և ազգի հանդեպ սիրո ու ծառայության ոգու դրսևորումով։ Դուք կոչված եք ձեր իսկ օրինակով նպաստելու հասարակության մեջ արդարության և օրինահարգության ամրապնդմանը, անվտանգության ու պաշտպանվածության զգացումի զորացմանը։ Վստահ ենք, մեր ժողովուրդը գիտակցում է ձեր մեծ պատասխանատվությունը և գնահատում է ձեր ծառայությունը և այն արդյունավորելու ձեր ջանքերն ու նվիրվածությունը։

Արդարությունն ու օրինականությունը անբաժան նկարագիրը պիտի լինեն քրիստոնյա մեր ժողովրդի կյանքի, և մեր Եկեղեցին ու հայրենի պետությունը պիտի շարունակեն համատեղ ջանքերը՝ ի նպաստ հոգևոր արժեքներով մեր հասարակության ներքին վերափոխման և մեր կյանքի բարեփոխման։

Այս առումով ցանկանում ենք գնահատանքով անդրադառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Ոստիկանության միջև ձևավորված հանրօգուտ գործակցությանը թե՜ ոստիկանների նոր սերնդի պատրաստության գործում և թե՜ ոստիկանի ամենօրյա ծառայության մեջ։

Մեր հանապազ աղոթքն է, որ Բարձրյալն Աստված զորավիգ լինի ձեզ ամենքիդ՝ արդյունավետությամբ և պատասխանատվության ու գոհունակության աննվազ զգացումով շարունակելու ձեր ծառայությունը մեր ժոովրդին, մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի կերտման սրբազան գործին։
Թող Ամենաողորմ Տերը հովանի ու պահապան լինի ձեզ, զորավիգ լինի ձեր ծառայության մեջ, իր շնորհներով օրհնի ձեր կյանքը, ձեր ընտանիքները և համայն մեր ազգին։ Ամեն»։