ԱՄՆ-ի ութ կոնգրեսականներից կազմված պատվիրակությունը վաղը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ԱՄՆ

Ապրիլի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն։ Այդ մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նեւադա), Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա):

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց և Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաեւ քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաեւ այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Սբ. Էջմիածին:

Պատվիրակության կազմում բոլորը Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) անդամներ են. ԺԳՀ նախագահն է կոնգրեսական Փրայսը, համանախագահը՝ կոնգրեսական Բուքանանը:

Պատվիրակության այցի նպատակն է ԺԳՀ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև  համագործակցության հնարավոր ուղիների դիտարկումը:

Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը երկկուսակցական կառույց է, որի գործունեությունը միտված է արդյունավետ ու բաց կառավարման խթանմանը և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ խորհրդարանական համագործակցության ճանապարհով զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրների օրենսդիր կառույցներին աջակցելու միջոցով: 

Տեսանյութեր

Live

Լրահոս