Հույս ունեմ՝ տեղի ունեցածը դիտավորություն չէր․ պատգամավորը՝ Աստվածամոր տաճարի հրդեհի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Վլադիմիր

ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հույս ունի, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը դիտավորության արդյունք չէ: Նա իր զորակցությունն է փոխանցել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Վարդանյանն այդ մասին հայտնել է ԱԺ-ի հայտարարությունների ժամանակ:

«Ֆրանսիայի ժողովրդի համար այս մշակութային ողբերգության օրերին, որպես Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ցանկանում եմ զորակցությունս հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Մեզ համար սա շատ ավելի մտահոգիչ է դառնում` ելնելով նաև այն հանգամանքից, որ ընդամենը մի քանի օր հետո` ապրիլի 22-ին, այդ տաճարում պետք է տեղի ունենար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման պատարագ: Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է հրամանագիր, որով ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Մեծ հույս եմ ուզում հայտնել, որ տեղի ունեցածը դիտավորության արդյունք չէր»,-ասել է Վարդանյանը՝ նկատելով, որ տեղի ունեցածը մեզ ևս մեկ անգամ հիմք է տալիս մտորելու, թե ինչպես ենք վերաբերում մեր մշակութային ժառանգությանը:

«Մնալու ենք հայ, որովհետև հարգում ու պահպանում ենք մեր մշակութային ժառանգությունը: Մարդ մնալու համար էլ մեզ պետք է նույն եղանակով և նույն միջոցներով հարգել համաշխարհային մշակութային ժառանգությունը: Սա ևս մի կարևոր նշան է, ահազանգ է, որ մենք մի փոքր ավելի լուրջ պետք է վերաբերվենք մշակութային այն ժառանգությանը, որը մեզ դարձնում է այն, ինչ կանք և հնարավորություն է ընձեռում հասկանալ և ընկալել այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը»,-նշլ է Վարդանյանը։