1 պացիենտին սանիտարաավիացիոն ծառայության ուղղաթիռով տեղափոխելը կարող է 1 մլն դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Մեկ պացիենտին սանիտարաավիացիոն ծառայության ուղղաթիռով տեղափոխելը պետբյուջեի վրա կարող է 1 մլն դրամ նստել։ Այս մասին տեղեկացրել է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը ապրիլի 15-ի մամուլի ասուլիսում։

Համաձայն Գրիգորյանի ներկայացրած «Արմենիան հելիկոպթերս» ընկերության գների՝ ուղղաթիռի շահագործման 1 րոպեի արժեքը, ներառյալ շարժչի գործադրումն ու կանգ առնելը, կազմում է 14500 դրամ։ Այսպիսով, մեկ պացիենտի տեղափոխումը հանրապետության մարզերից կարող է 1 մլն դրամ արժենալ։ Հաշվի առնելով այն, որ, օրինակ, թռիչքի տեւողությունը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից մինչեւ Երեւան կազմում է 2 ժամ 50 րոպե, այդ գումարը կարող է աճել։

Գոյություն ունեն կորպորատիվ առաջարկություններ, որոնք նախատեսում են որոշ զեղչեր։ Այսպես, մեկ օրացուցային տարում թռիչքի 0-100 ժամ կորպորատիվ փաթեթ ունենալու պարագայում (անկախ այն բանից, թե փաստացի կիրականացվեն արդյոք այդ թռիչքները, թե ոչ), ուղղաթիռի շահագործման 1 րոպեն կազմում է 13150 դրամ, իսկ 200-400 ժամ կորպորատիվ փաթեթ ունենալու դեպքում՝ 11690 դրամ։ Ընդ որում՝ պայմանագրով նախատեսված գումարները պետք է վճարվեն ամեն ամիս։

«Ստացվում է, որ անկախ այն բանից՝ կոնկրետ ամսում կլինի արդյոք ուղղաթիռով փոխադրվելու կարիք ունեցող պացիենտ, թե ոչ, Հայաստանի առողջապահության նախարարությունը պարտավոր է ամեն ամիս վճարել որոշակի գումար։ Ստացվում է, որ մենք քամուն ենք տալիս պետբյուջեի միջոցները։ Ավելի նպատակահարմար կլիներ այդ գումարները ներդնել Հայաստանի մարզերում՝ այնտեղ լավ հիվանդանոցներ ստեղծելով»,- նշել է Գրիգորյանը։