Չարենցավանի «չնչին» գնով վարձակալված քաղաքային զբոսայգին վերադարձնել քաղաքացուն․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Չարենցավանի քաղաքային զբոսայգին «չնչին» վարձակալության դիմաց տրամադրվել է մասնավոր ընկերության, այն պետք է վերադարձվի քաղաքացուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Գրառումն ամբողջությամբ ստորև.

«Կոտայքի Չարենցավան համայնքի քաղաքային զբոսայգին իրավական ճանապարհով պետք է վերադարձվի չարենցավանցուն. ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի Հրազդանի քաղաքային զբոսայգին վերադարձվեց հրազդանցուն։

Իրավական հնարավոր գործընթացներն` օրենքով սահմանված կարգով, արդեն մեկնարկել են։

Հ.Գ. Չարենցավանի քաղաքային զբոսայգին` շուրջ 12հա տարածքով, 2005թ.-ին 25 տարով «չնչին» վարձակալության դիմաց տրամադրվել է մասնավոր ընկերության։ Մի քանի ամիս տևած ուղղակի և միջնորդավորված բանակցությունների միջոցով առաջարկել ենք մասնավորին` կամովին լուծելու վարձակալության պայմանագիրը և զբոսայգին վերադարձնելու համայնքին, սակայն վերջինս հրաժարվել է։

Նշեմ, որ համայնքը պատրաստ է և ի վիճակի է սեփական միջոցների հաշվին հիմնովին կանաչապատելու այգին, անցկացնելու ոռոգման և լուսավորության համակարգեր և այն դարձնելու հարդարված ու կանաչապատ հանրային զբոսայգի։

Կոտայքի մասնավորապես քաղաքային համայնքներում կանաչ գոտիներն ու զբոսայգիները, եթե ոչ Հողային օրենսգրքի 60֊րդ հոդվածով, ապա առնվազն` մեր արժեհամակարգային֊քաղաքական մշակույթով անձեռնմխելի են և պատկանում են բացառապես համայնքին ու նրա քաղաքացուն»։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս