Թուրք պատգամավոր.Պետք է արգելափակել Կոնգրեսում հայկական օրինագիծը. այս տարի վիճակը լուրջ է

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 16, 24News

.

Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:

Խորհրդարանում (մեջլիսում) տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Յըլմազը հայտարարել է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկումն արգելափակելու ուղղությամբ:  

Թուրք պատգամավորը նշել է, որ Ֆրանսիայում ու Իտալիայում ցեղասպանության հարցով տեղի ունեցած զարգացումներից հետո հավանականություն կա, որ ԱՄՆ-ի սենատում էլ կարող է բանաձև ընդունվել՝ հիշեցնելով, որ ավելի վաղ նմանատիպ բանաձև նույնպես ներկայացվել էր, սակայն հաջողվել էր արգելափակել այն:

Ըստ Յըլմազի՝ բանաձևերի ընդունման դեպքում ԱՄՆ-ը «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչի որպես ցեղասպանություն», որից հետո կդադարեցնի համագործակցությունը դա ժխտողների հետ ու այդ թեմայով դասեր կավելացնի երկրի ուսումնական հաստատություններում:

«Այս տարի իրավիճակը լուրջ է և տարբեր նախորդ տարիներից: Քանի որ S-400-ների, Սիրիայի ու ՖԵԹՈ-ի (FETÖ-ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյույենի ղեկավարած կազմակերպություն, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում) հարցում ԱՄՆ-ի հետ տարբեր ուղղություններով ենք շարժվում:

Կոնգրեսում Թուրքիայի վերաբերյալ բացասական մթնոլորտ է տիրում: S-400-ների թեման ճգնաժամի վերածած ԱՄՆ-ի որոշ ղեկավար շրջանակներ ապրիլի 24-ին այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ցանկանում են բերել Թուրքիայի օրակարգ ու այդ թեմայի միջոցով գոլ խփել Թուրքիայի դարպասին»,- ասել է թուրք պատգամավորը՝ կառավարությանը կոչ անելով ամեն գնով խոչընդոտել այդ գործընթացը: