Խոստումը կատարված է, ոստիկանների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

փշալար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախորդ տարի՝ ապրիլին, տված խոստումն արդեն կատարված է։ Վարչապետի գրառումը՝ ստորև․ 

«Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:

Ընդգծեմ, որ խոստումը կատարված է, և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով:

Բացի դրանից՝ պարգևատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, որոնք իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում իրենց անձնական ջանքերի շնորհիվ:

Հիշեցնեմ, որ մինչև 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի՝ հուլիսի 1-ից, բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի՝ սեպտեմբերի 1-ից, բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու և թոշակառուի թոշակները և  նպաստներն են բարձրացել:

Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է:

Առաջիկայում (նաև հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին և դրանց կատարման ընթացքին»: