Շատ զգացմունքային է այսօր Փարիզում գտնվելը․ ԱԳ նախարարը՝ Ժան-Իվ Լը Դրիանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ կայքէջից։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում եւ մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային եւ Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նախարար Մնացականյանը նաեւ իր գործընկերոջն է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար:

Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Իվ Լը Դրիանը գոհունակություն են հայտնել ավանդական բարեկամության ևւ համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բազմաոլորտ ամուր համագործակցության առնչությամբ՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունն ապահովելու երկկողմ հարաբերությունների շարունակականությունը նոր նախաձեռնությունների միջոցով: Զրուցակիցները նշել են, որ երկկողմ օրակարգի ավանդական՝ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ուղղություններին ավելացել է նաեւ համագործակցությունը մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության բնագավառներում:

1

Առանձնահատուկ կարեւորվել է Ֆրանսիայում հարուստ պատմություն եւ ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի կարեւորությունը եւ կամրջող դերակատարությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման եւ օրակարգի հարստացման գործում:

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը, ինչը Ֆրանսիայի դիրքորոշման շարունակականության եւս մեկ դրսեւորում է՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը:

Անդրադառնալով Եվրամիության, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը եւ քաղաքական կամքը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջեւ շփումները եւ խթան կհանդիսանա Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը:

1

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Երկուստեք կարեւորվել է խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը՝ վստահության ամրապնդման քայլերի միջոցով:

ԱԳ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս