Ի՞նչ փոխվեց ձեզ մոտ, որ այսպես սկսեցիք վերաբերվել ԱԺ-ին․ Գորգիսյանը՝ Զեյնալյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ԱԺ-ում ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն նախագծի զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հիշեցրեց, որ  ընդդիմադիր գործունեության ժամանակ նախկին պատգամավորը սկզբունքորեն դեմ էր  հապճեպ որոշումներ ընդունելուն:

«Կառավարության կառուցվածքի մասին կարեւոր եւ լուրջ նախագիծը քննարկվեց հանձնաժողովի արտահերթ նիստում: Մեր խմբակցության առաջարկները կետ առ կետ չեն քննարկվել, դուք միայն լսել եք Էդմոն Մարուքյանի զեկույցը եւ այն համարել մերժելի: ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ բոլոր առաջարկները քննարկվեն: Ի՞նչ փոխվեց ձեզ մոտ, որ այսպես սկսեցիք վերաբերվել ԱԺ-ին», - հարցրեց Գորգիսյանը։

Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Իմ սկզբունքայնության հարցն այսօրվա հետ կապ չունի, դա փոքրամասնության հնարքներից է, որը դուք հիմա բանեցնում եք: Էդմոն Մարուքյանի առաջարկները կետ առ կետ քվեարկել ենք պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը: Այս պահին այս կառուցվածքն է, որովհետեւ գտնում ենք, որ կարող ենք իրականացնել մեր պարտավորությունները դրանով»,-ասաց արդարադատության նախարարը: Գորգիսյանը չհամաձայնեց՝ հիշեցնելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկների փաթեթը քվեարկվել է, բայց կետ առ կետ չի քննարկվել:

«Մենք չենք լսել, թե այս կամ այն կետի վերաբերյալ կառավարությունն ինչ մոտեցում ունի: Մանիպուլյացիաներ մի՛ արեք և իրականությունը մի՛ խեղաթյուրեք»,-արձագանքեց Գորգիսյանը։

Սակայն Արտակ Զեյնալյանն պնդեց, որ բոլոր առաջարկները քննարկվել են, ուստի կոչ արեց չպեղաթյուրել իրականությունը: 

Արտակ