Հորդորե՛ք Ձեր տեղակալին գիշերը չզանգել մաքսատների ղեկավարներին․ Հովհաննիսյանը՝ Անանյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Անանյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՊԵԿ-ի նախագծին, որով ցանկացած ՀԿ պետք է հրապարակի օրենքով սահմանված հաշվետվություն: Արփինե Հովհաննիսյանը դա համարում է ուղղակի միջամտություն ՀԿ-ների գործունեությանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«2018 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ը ներկայացրել և հիմա էլ լրամշակում է փոփոխությունների նախագիծ, որով ցանկացած ՀԿ պետք է հրապարակի օրենքով սահմանված հաշվետվությունը, մինչդեռ գործող կարգավորմամբ նման պարտականություն ունեն միայն հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ները։

2016 թվականին որպես այն ժամանակ գործող արդարադատության նախարար օրենքը ներկայացնելիս ունեի հստակ նպատակ՝ ավելի ազատական կարգավորումներ նախատեսել ՀԿ-ների գործունեության համար։ Այդ կարգավորումները ոչ միայն ազատական էին, այլ իրենցից ներկայացնում էին եռամակարդակ կոնսենսունս, քանի որ նախագիծը ստեղծվել էր պետություն-միջազգային կազմակերպություններ-քաղաքացիական հասարակություն սերտ համագործակցությամբ։

ՊԵԿ-ի ներկայիս քաղաքականությունը այդ պատճառով համարում եմ ուղղակի միջամտություն ՀԿ-ների գործունեությանը, ինչի մասին տեղեկացնելու եմ մեր միջազգային գործընկերներին։ Այդ պատճառով «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նույնպես միանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ 102 հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների՝ հիշյալ կարգավորումների վերաբերյալ դիմում-դիրքորոշմանը։ 

Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հորդորում եմ ՀԿ-ների գործունեությանը միջամտելու փոխարեն զբաղվել ավելի օգտակար գործունությամբ, օրինակ՝

• Հորդորե՛ք Ձեր տեղակալին գիշերները չզանգել մաքսատների ղեկավարներին եւ սրտի ուզած մեքենաները բաց թողնելու հրամաններ չարձակել (այո, կոռուպցիան իսպառ «վերացել է)

• Մյուս տեղակալին հորդորե՛ք, որ օպերատիվ -հետախուզական միջոցառման անվան տակ ԿԲ-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնից բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություններ չվերցնի։ Պատասխան տալու եք հաստատ։

• Նույն տեղակալին հորդորե՛ք, որ տնտեսվարողիներին չկանչի իր մոտ ու մաքուր թուղթ տալով, չպահանջի գրել «մուծվելիք» գումարի չափը 

• Հիշեցում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է ՝ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը»։ Եվ ուրեմն մյուս իրավապահ մարմիններին մի խառնեք ու մի հանձնարարեք, օրինական չէ։

Առայժմ այսքանը։ Ցանկը երկար է: Հետեւողական եմ լինելու, որ վարչապետի ու ձեր հնչեցրած կեղծ տվյալներն ու թվերը հիմնավորելու համար մարդկանց վրա շինծու գործեր չսարքեք»: