Մոսկվայում մեկնաբանել են Կիևի մերձակայքում բայրաքթարների գործարան հիմնելու Թուրքիայի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

photo_2024-02-12_17-11-43

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակայքում մեկնարկել է թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարանի շինարարությունը։ Այդ մասին տեղեկացրել էր թուրքական «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը:

Կիևի մերձակայքում նշյալ գործարանի հիմնման ծրագրերը մեկնաբանել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիկը ռուսական «Лентой.ру»-ի հետ զրույցում:

«Այս գործարանի կառուցումը որևէ կերպ չի ազդի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Երկու տարի առաջ Կիևի ռեժիմին մատակարարվող բայրաքթարների թիվը զգալի էր։ Այսօր մենք չենք տեսնում դրանց ակտիվ կիրառումն առաջնագծում։ Մեզ համար Ուկրաինայի տարածքում օրինական թիրախ է ռազմական տեխնիկայի ցանկացած արտադրություն։ Չեմ կարծում, որ այս գործարանը կամ բայրաքթարի արտադրությունը լրջորեն կանդրադառնա ռազմական գործողությունների ընթացքի վրա»,- նշել է Բելիկը։

Տեղեկացնենք, որ Հալուք Բայրաքթարի խոսքով՝ գործարանի շինարարությունն ընթացքի մեջ է, առաջին անօդաչուները կթողարկվեն արդեն 2025 թվականին։ Բայրաքթարն ասել է, որ գործարանի շինարարության նպատակով իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը հասնում է 95 մլն դոլարի։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ