Գլխավոր դատախազը չհերքեց․ նոր երևան եկած հանգամանքներով Փաշինյանի գործը ևս կվերանայվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

դատախազ

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործով դատապարտված անձանց գործերը վերանայվելու են, դատախազությունը սկսել է գործընթացը։

«Արդեն ունենք քրեական գործեր, որոնցով մենք ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարան, օրինակ, Մուշեղ Սաղաթելյանի գործով հենց ես եմ վճռաբեկ բողոք բերել, թեև բերվել է նաև պաշտպանական կողմից, դրանով արդեն արդյունք ունենք, Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու որոշում է կայացրել: Եվս մեկ քրեական գործով մենք բերել ենք բողոք, այդ գործընթացը շարունակական է լինելու»,-տեղեկացրել է Դավթյանը։

Հարցին՝ վարչապետ Փաշինյանը ևս դատապարտվել էր «Մարտի 1-ի» իրադարձություններից հետո, հնարավո՞ր է, որ վարչապետի գործն էլ վերանայվի, գլխավոր դատախազը արձագանքել է. «Նախկինում կայացված դատական ակտերում առկա փաստական տվյալները համադրվում են նոր տվյալների հետ, և երբ օրենքի տառին համապատասխան նոր երևան եկած հանգամանքներով վարույթներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնենք, անկախ նրանից՝ ո՞վ է նա, կիրականացվի»:

Նիկոլ Փաշինյանը 2010 թվականին Մարտի 1-ի գործով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, համաներմամբ ազատ արձակվել 2011 թվականի մայիսի 26-ին։